Ընթերցողի սեղանին է ավստրիացի Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը: Գիրքը լույս է ընծայվել «Անտարես» հրատարակչության «Նոբելյան մրցանակակիրներ» շարքով: «Հեղինակն ինքը մի քիչ զարմացած էր, որ իրեն Նոբելյան մրցանակ շնորհվեց,- մեզ հետ զրույցում ասաց թարգմանության հեղինակ ԿԱՌԼԵՆ ՄԱՏԻՆՅԱՆԸ:- Նկատի չունեմ, որ արժանի չէր, պարզապես առաջադրված էին էլի արժանիներ, ու չէր կարծում, որ ինքը կարող է առաջինը լինել: Այս վեպում երաժշտությունն ու մարդկային հույզերը լավագույնս միահյուսված են, որոշ հարցերի պատասխան տալիս են ոչ թե բառերը, այլ այդ պահին հնչող երաժշտությունը, ինչով էլ, կարծում եմ, բացատրվում են վեպի հետաքրքրությունն ու արժեքը»: Անդրադառնալով գերմաներենից արվող թարգմանություններին, Կառլեն Մատինյանը նշեց, որ հետխորհրդային շրջանում թարգմանություններն արվում են բնագրից, ու դա մեծ առավելություն է: «Միջնորդավորված թարգմանությունները հիմնականում անգլերենից կամ ռուսերենից են, դրանք ազատ ոճով են արված և երբեմն շատ են շեղվում բնագրից: Իսկ մեր թարգմանիչներին հաջողվում է պահպանել գրքի տառը և ոգին»,- ընդգծեց նա: Առաջիկայում Կառլեն Մատինյանի թարգմանությամբ լույս կտեսնի ժամանակակից գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասի «Թիթեղյա թմբուկը»:
Այդ վեպի հիման վրա ստեղծված Ֆոլկեր Շլյոնդորֆի համանուն ֆիլմն արժանացել է «Օսկարի»: Ֆիլմում առանցքային դեր է խաղում նաև Շառլ Ազնավուրը: «Երիտասարդ Շառլը խաղում է անկրկնելի մի դեր: Ե՛վ վեպը, և՛ ֆիլմն անկրկնելի են»,- ընդգծեց թարգմանիչը:
«Դաշնակահարուհին» երեսունն անց Էրիկա Քոհութի մասին է, որն ապրում է մոր հետ: Վերջինս ամբողջ կյանքում երազել և ամեն ինչ արել է, որ դուստրը դաշնակահարուհի դառնա, սակայն Էրիկան ձախողել է մոր երազանքը և այժմ դաշնամուր է դասավանդում Վիեննայի կոնսերվատորիայում: «Դաշնակահարուհին» վեպի հիման վրա Միխայիլ Հանեքեի նկարահանած համանուն ֆիլմը 2011-ին արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին: Դաշնակահարուհու դրաման, սակայն, խորհուրդ չի տրվում դիտել հոգեկան անհավասարակշիռ մարդկանց և անչափահասներին։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ